Էլեկտրոնային փոստից օգտվելու եղանակները

Չնայած էլեկտրոնային փոստի ծառայությունների բազմազանությանը՝ էլեկտրոնային փոստից օգտվելու եղանակները սկզբունքորեն երկուսն են։ Առաջին տարբերակի դեպքում էլեկտրոնային հաղորդագրությունները պահպանվում են սերվերի վրա, երկրորդ դեպքում՝ օգտատիրոջ համակարգչի կամ այլ տեխնիկական սարքի վրա։

Ամեն տարի հազարավոր փոստարկղներ են կոտրվում

Այս կամ այն եղանակի ընտրությունը կախված անվտանգության և տվյալների գաղտնիության աստիճանի հետ։ Ներկայումս առավել տարածված է էլեկտրոնային փոստից օգտվելու առաջին եղանակը որի դեպքում հաղորդագրությունները պահպանվում է ծառայություններ մատուցող կազմակերպության սերվերների վրա, իսկ օգտագործողը էլեկտրոնային փոստն ուղարկելու և ստանալու համար օգտագործում է ինտերնետ դիտարկիչը։ Նշենք, որ այս եղանակն ամենապարզն ու տարածվածն է, սակայն անվտանգության և գաղտնիության տեսանկյունից ամենաթերին։ Հայտնի է, որ ամեն տարի 100 հազարավոր փոստարկղներ են կոտրվում, որի հետևանքով նույնքան մարդ կորցնում է ինչպես իր տարիների ընթացքում կուտակած նամակագրությունը և հասցեների պահոցը, այնպես էլ հայտնվում է գողացված տեղեկատվության ապօրինի օգտագործման վտանգի առաջ։ Ավելին, կոտրած փոստարկղի միջոցով կարելի է հեշտությամբ մատչում ստանալ սոցիալական ցանցերի անձնական էջերին (գաղտնաբառի վերականգնման հարցումների միջոցով), էլեկտրոնային վճարային համակարգերին, և այլն, ինչը արդեն ֆինանսական միջոցների և հեղինակության կորստի հետևանքներ կարող է ունենալ։

Փոստային տարբեր ծրագրերի օգտագործումը ավելի անվտանգ է

Էլեկտրոնային փոստից օգտվելու համեմատաբար ավելի անվտանգ է փոստային տարբեր ծրագրերի օգտագործումը (Microsoft Outlook, Outlook Express, The Bat, և այլն) որի դեպքում անձնական հաղորդագրությունները պահպանվում են անձնական համակարգչի վրա։ Այս դեպքում տվյալների կորստի վտանգն առավելապես պայմանավորվում է համակարգչի փչանալու հետ, սակայն արխիվացման գործիքների կիրառման դեպքում զգալիորեն պակասում է։

Թանկարժեք տեղեկատվության պահպանումը պետք է իրականացնել ճիշտ և գրագետ

Եթե էլեկտրոնային փոստով Ձեր գրագրության անվտանգությունն ու գաղտնիությունը կարևոր են Ձեզ համար, խորհուրդ ենք տալիս օգտվել փոստային ծրագրերից, ինչը ոչ միայն ավելի անվտանգ է, այլև ավելի արագագործ և հարմարավետ։ Սակայն նկատի ունեցեք, որ անվտանգության միակ երաշխիքը համակարգչային խորը գիտելիքներն են։ Բացի Ձեզնից ուրիշ ոչ ոք չի կարող երաշխավորել և հոգ տանել, որ Ձեր գաղտնաբառերը ամուր լինեն, որ Ձեր համակարգչում տեղ չեն գտնի վնասակար ծրագրերը, կամ պարզապես որ Ձեր համակարգիչը չեն գողանա։ Հետևաբար թանկարժեք տեղեկատվության պահպանումը, ինչպես և թանկարժեք իրերի պահպանումը, պետք է իրականացնել ճիշտ և գրագետ։