Էլեկտրոնային փոստի հետ աշխատելու գործիքները

Էլեկտրոնային փոստի հետ աշխատելու գործիքները թույլ են տալիս էլեկտրոնային փոստի հետ աշխատել ամենատարբեր ծրագրերի միջոցով, առանց վեբ դիտարկիչի (Web Browser) օգնության։ Այդ գործիքների միջոցով Ձեր ստացած նամակները ներբեռնվում են սարքի մեջ, որից հետո դրանք կարելի է կարդալ առանց ինտերնետ կապի հասանելիության։ Դա հատկապես հարմար է այն դեպքում, երբ գործ ունեք մեծ թվով էլեկտրանային նամակների հետ, քանի որ մեկ անգամ ներբեռնելով դրանք՝ կարելի է արագ անցնել մեկից մյուսը, կարդալ Ձեզ հարմար ժամանակ, անգամ առանց ինտերնետ կապի հասանելիության։ Էլեկտրոնային փոստի հետ աշխատելու ամենատարածված գործիքներից են IMAP և POP գործիքների։

IMAP և POP գործիքների տարբերությունները

IMAP գործիքով աշխատելիս բոլոր սարքերը միմյանց հետ սինքրոնացվում են։ Դա նշանակում է, որ երբ սարքերից մեկի վրա նամակը ջնջում եք, այն ջնջվում է նաև սերվերի վրայից, ինչպես նաև մյուս սարքերի վրայից։ POP գործիքի դեպքում բոլոր սարքերը, ինչպես նաև սերվերը միմյանցից անկախ են։ Դա նշանակում է, որ երբ նամակները ներբեռնում եք սերվերից և ջնջում եք սարքերից մեկի վրա, մյուս սարքերի վրա դա ազդեցություն չի թողնում։ Դա հատկապես հարմար է, երբ նույն փոստային հասցեով ստանում եք տարբեր բնույթի նամակներ։ Նամակ ստուգելուց հետո կարող եք աշխատանքային համակարգչի վրա թողնել աշխատանքին վերաբերող նամակները, անձնական պլանշետի վրա՝ անձնական նամակները և այլն։

POP գործիքի կարգավորումը Հայեր․ԱՄ ծառայության հետ աշխատելու համար

Յուրաքանչյուր սարք կամ փոստային ծրագիր ունի փոստի հետ աշխատելու իր միջերեսը (ինտերֆեյսը), և դրանք բոլորը ներկայացնելն անհնար է։ Մի քիչ համբերություն և տրամաբանություն կիրառելու դեպքում առանց դժվարության ինքնուրույն կկարողանաք կարգավորել Ձեր սարքերն ու ծրագրերը, եթե հետևեք հետևյալ պարզ քայլերին։ Նախ գտեք սարքում կամ ծրագրում փոստային հաշիվ (Add Email Account) ավելացնելու բաժինը, ընտրեք POP տարբերակը և լրացրեք ցուցադրվող դաշտերը։ Մանրամասն ուղեցույցը՝ տես Այստեղ։

IMAP գործիքի կարգավորումը Հայեր․ԱՄ ծառայության հետ աշխատելու համար

IMAP և POP տարբերակների կարգավորումը գրեթե չի տարբերվում։ Կարգավորվող սարքում կամ ծրագրում գտեք փոստային հաշիվ (Add Email Account) ավելացնելու բաժինը, ընտրեք IMAP տարբերակը և լրացրեք ցուցադրվող դաշտերը։ Մանրամասն ուղեցույցը՝ տես Այստեղ ։